«Իրատես de facto»-ի հյուրն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:
-Ձեր կարծիքով՝ ի՞նչ է կատարվում հիմա Հայաստանում:
-Ոչինչ էլ չի կատարվում:
-Իշխանափոխության գործընթաց չի՞ մեկնարկել:
-Կարծում եմ՝ ոչ, որոշ մարդիկ նման ցանկություններ ունեն, բայց ոչ մի գործընթաց էլ չի սկսվել:
-Օրումեջ քառյակ դարձող եռյակի հանրահավաքները ի՞նչ են նշանակում:
-Քաղաքական տրամաբանությունը երեք-չորս սցենար է թելադրում: Առաջին՝ փորձում են ընտրություններից առաջ, որոնք կարող են լինել արտահերթ կամ հերթական, նախագահական կամ խորհրդարանական, քաղաքական իրենց նիշան ունենալ՝ օգտագործելով Լևոն Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի գործոնը: Երկրորդ՝ ամենայն հավանականությամբ, ընդհանուր համակարգը, որը ԱՊՀ տարածքում ավելի շատ ներկայացված է Մոսկվայով, սկսում է ճաքեր տալ, դժվարին կացության մեջ է ու կարող է փլուզվել: Համակարգի փլուզման պարագայում եթե տեղը զբաղեցված չլինի, նոր ու անցանկալի մարդիկ կգան: ՈՒստի համակարգը կիսել ու փորձում են մեկը մյուսով փոխարինելու տարբերակ գտնել: Նույն համակարգի ներսում՝ իշխանությունը մի թևից մյուսին փոխանցելով, ինչպես ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանն իշխանությունը համեմատաբար հանգիստ փոխանցեց Ռոբերտ Քոչարյանին: Կա երրորդ տարբերակը՝ իշխանության ներսում իշխանությունից դուրս եկած, բայց իշխանության շրջակայքում մնացած մարդիկ շտապում են քայլ անել: Այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, և հասկանալի է՝ ինչո՞ւ:
-Ինչո՞ւ է շտապում՝ հաջորդ նախագահական ընտրությունները սարերի հետևում չեն:
-Ռոբերտ Քոչարյանը չի հերքում վերադարձի հնարավորությունը մեծ քաղաքականություն, ուրեմն՝ ի՞նչ հիմքերի վրա պիտի հետ գա: Երեք հիմք կա: Առաջին՝ իր օրոք կյանքն ավելի լավ էր, երկրորդ՝ ինքը Հայաստանում քաղաքական առումով ներկայացնում է Պուտինին, երրորդ՝ թիկունքում ունի բավականաչափ մեծ քաղաքատնտեսական միավոր՝ «ԱՖԿ սիստեման»:
-Որքա՞ն են ռեալ այդ հիմքերը:
-Սկսեմ երրորդից՝ «ԱՖԿ սիստեման» ծանր կացության մեջ է, երեք անգամ նվազել է կապիտալիզացիան, ղեկավարը տնային կալանքում է, «Բաշնեֆտը» արդեն վերցրել են, խոսում են, որ գործընթացները շարունակվելու են, տնօրենների խորհրդի մի քանի անդամներ փախուստի մեջ են՝ պաշտոնական հայտարարություններով, այսինքն՝ այս հանգամանքը դուրս է գալիս: Երկրորդ միֆը՝ Պուտինի հետ ընկերներ են, նույնպես բարդ է հասկանալ՝ ընկերոջ ընկերությունը ինչու են հողմացրիվ անում:
-Իսկ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի ներկայացնում Պուտինին, Կրեմլը սովորաբար գործող իշխանության հետ է ընկերություն անում:
-Այսինքն՝ սա ևս միֆ է, որովհետև գործող իշխանությունը միշտ ավելի մեծ լծակներ ունի: Հասանք առաջինին՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք կյանքը լավ էր:
-Ո՞Ւմ կյանքը:
-Այո՝ ո՞ւմ կյանքը, շատ բարդ է հասարակությանը համոզել, որ բոլորի: Առավել ևս, որ այդ լավ կյանքն ավարտվել է տասը մարդու գնդակահարությամբ, ինչքա՞ն լավ է եղել, որ մարդիկ փողոց են դուրս եկել ու սպանվել:
-Ի վերջո, նաև գնդակահարությամբ սկսվել է՝ 1999-ի հոկտեմբերի 27-ին նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր:
-Շատ բարդ է հասարակությանը համոզել, որ նրա նախագահության տարիներին կյանքը լավ է եղել՝ տնտեսական աճ կար, շինարարություն, քաղաքական-քաղաքացիական առումով՝ նրա իշխանությունն ավարտվել է հեղափոխությունը ճնշելով: Տասը տարվա ավարտը մարդկանց գնդակահարությունն էր: Հենց այդ պատճառով էլ Ռոբերտ Քոչարյանն արագացնում է իր ռեաբիլիտացիան, որովհետև համակարգի փլուզման գործընթացները արագանում են: Շտապում է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ տարիքի խնդիր կա: Լևոն Տեր-Պետրոսյանը միակն է նրանց մեջ, որ քաղաքագիտական առումով խորությամբ հասկանում է՝ ինչ է համակարգը ու ինչպես է փլվում: Եվ՝ ճիշտ է շտապում՝ իր պատկերացումներով: Ի՞նչ է ուզում Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նույնպես հասկանալի է: 2013-ին ուներ հասարակական աջակցության կապիտալիզացիա, որը տրամաբանական ավարտ պիտի ունենա. կարող էր հեղափոխություն անել, որը կճնշվեր, կարող էր քաղաքական դաշտից հեռանալ, իր պայքարի շարունակությունը նա տեսնում է այսկերպ: Ինչո՞ւ է շտապում Գագիկ Ծառուկյանը՝ չգիտեմ: Ներքին դաշտում սա է պատկերը:
-Իսկ արտաքի՞ն դաշտում, որ Հայաստանում միշտ կարևոր գործոն է:
-Երկու հետաքրքիր փաստ. նկատե՞լ եք, երբ աճեց ակտիվությունը, առաջին հանրահավաքն արվեց այն օրը, երբ Մինսկում Հայաստանն անդամակցելու էր ԵԱՏՄ-ին, հոկտեմբերի 10-ին: Յուրօրինակ օր ընտրվեց Փարիզում հանդիպման համար՝ հոկտեմբերի 27-ը՝ ահաբեկչության 15-ամյակի օրը, թեպետ Հայաստանը կարող էր առարկել՝ մի օր առաջ, մի օր հետո, բովանդակային փոփոխություն չէր լինելու: ԵԱՏՄ-ին միանալու պարագայում՝ ռուսական վերնախավի շատ լուրջ ներկայացուցիչներ Սերժ Սարգսյանին զգուշացնում են, որ Հայաստանին ԵԱՏՄ-ում, ինչպես առաջ ԽՍՀՄ-ում էր, ոչ ոք չի պատրաստվում պահել, Հայաստանում փոփոխություններ են պետք: Ի՞նչ է անում Սերժ Սարգսյանը: Նա լավ հասկանում է, որ փոփոխություններ պետք են, շատ լավ հասկանում է՝ ինչ է դա նշանակում, ամենայն հավանականությամբ՝ խիստ դրվում է նաև ճանապարհների խնդիրը, Ադրբեջանի հետ փոխհարաբերությունների հարցը: ԵԱՏՄ-ի հետ հարաբերվելու համար մեզ ճանապարհներ են պետք: Սերժ Սարգսյանը, լինելով համակարգի մաս՝ ահավոր վախ ունի, որ համակարգից դուրս մարդիկ չընդգրկվեն հարցի լուծման մեջ: Նախկին ու ներկա երեք նախագահներն էլ վախենում են համակարգի փլուզումից, նման վախի զգացում ունեն և Ռուսաստանում, և հետխորհրդային մյուս երկրներում:
-Լավ, բայց ի՞նչ պիտի անի Սերժ Սարգսյանը:
-Քաղաքական տրամաբանությունը թելադրում է՝ եթե նույնիսկ ինչ-որ փոփոխություն պիտի լինի, թող լինի համակարգի ներսում: Սերժ Սարգսյանը մտադիր է իր ժամկետում լրիվ պաշտոնավարել և իր ձեռքին պահել իշխանության թելերը: Ի՞նչ են մեզ ասում: Ասում են՝ Սերժ Սարգսյանը ստեղծել է մի օլիգարխի տնտեսություն, սահմանադրական բարեփոխումներն անում է, որ երկարացնի քաղաքական կյանքը: Այն պահից, երբ Սերժ Սարգսյանը փորձեց համակարգը ծառայեցնել իրեն, համակարգի երկրորդ մասը ներկայացրեց իր պահանջները՝ ո՞վ կուզեր օգտագործված լինել:
-Նա, ով նաև այդ գործընթացում իր օգուտը կունենար:
-Մարդիկ օրինաչափորեն ուզում են իրենց օգուտն ունենալ և, եթե քաղաքական լեզվից թարգմանենք, ասում են՝ պիտի կիսվես: Բոլորն էլ հասկանում են, որ վիճակը բարդանում է: Սկսվելու է սեփականությունը խլելու գործընթաց: Մյուս կողմը սկսում է սահմանադրական բարեփոխումների գործընթացը, որ ես դժվար եմ պատկերացնում արդյունքի տեսակետից:
-Ինչո՞ւ, սահմանադրական փոփոխություններով Հայաստանը դառնում է խորհրդարանական հանրապետություն, Սերժ Սարգսյանը՝ ԱԺ նախագահ, լինելով ՀՀԿ նախագահ, նա ոչինչ չի կորցնում:
-Կասե՞ք՝ այսօր Վրաստանում ի՞նչ վիճակ է: Ռեալ կյանքը և տեսական կառույցները տարբեր են: Դա քաղաքական առումով ուղղակի հիմարություն է, սահմանադրության փոփոխությունը պետք է մոռանալ: Արտաքին ու ներքին զարգացումները հիմա լուրջ դիմակայության մեջ են: Ֆրանսիացիները հոկտեմբերի 27-ին Փարիզում կազմակերպում են նախագահների հանդիպում: Բոլոր կողմերը հանդիպումներ արդեն կազմակերպել են և ամենայն հավանականությամբ՝ հաջորդ հանդիպումը ևս կլինի ռուս-ամերիկյան դաշտում: Եռանախագահները այս հարցում միմյանց հետ տարաձայնություն չունեն, երեքն էլ պատերազմը համարում են անընդունելի և ասում են, որ պետք է լուծումներ գտնել, որովհետև բարդ է ստատուս քվոն պահելը: Եվ դա արվում է հոկտեմբերի 27-ին:
-ՈՒզում եք ասել՝ նախազգուշացո՞ւմ էր:
-Ամենայն հավանականությամբ՝ նկատի է առնվել այս փաստը, որ հոկտեմբերի 27-ը շրջադարձային կետ էր Հայաստանի պատմության մեջ, և դրանից հետո ոչինչ առաջ չի շարժվել այդ հարցում: Կարող եմ ենթադրել, որ հոկտեմբերի 27-ին իրենց արյունով այդ մարդիկ կանգնեցրել են մի մեծ արհավիրք: Կարծում եմ՝ հիշեցում է, ոչ թե նախազգուշացում: Նկատեցի՞ք, որ մեր խոսակցությունը ոչ Հայաստանին, ոչ Հայաստանի հասարակությանը չի վերաբերում: Ես ուզում եմ հասկանալ՝ այս ամենի մեջ Հայաստանի ու հասարակության շահը ո՞րն է: Եռյակ, քառյակ, հնգյակ, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան… Մեզ ի՞նչ:
-Գուցե քաղաքագիտության պատմության մեջ դա՞ է մեր ներդրումը:
-Վատ ներդրում է: Հայաստանին ի՞նչ: Վիճակը ծանրանում է: Գործող կառավարությունն ավելի վատն է, քան նախորդն էր:
-Գործող կառավարությունն ասում է, որ ինքը հաջողության է հասնելու:
-Աստված տա, ո՞րն է հաջողությունը, երբ ինչ նախաձեռնում են, հետո հրաժարվում են: Հղի կանանցից սկսած մինչև պարտադիր կուտակային:
-Ռեսո՞ւրս չունեն, թե՞ քաղաքական կամք:
-Որպեսզի կառավարությունը կարողանա ինչ-որ ուղղությամբ առաջ շարժվել, պիտի գիծ ունենա: Ի՞նչ է ուզում անել Հայաստանի տնտեսական համակարգի հետ: Կա առօրյա խնդիր՝ լցնել բյուջեն ու օրը փակել: Այդ պատճառով էլ ունենք իրարամերժ որոշումներ:
-Բոլոր դեպքերում Հովիկ Աբրահամյանը խելացի մարդ է, քաղաքականության մեջ թրծված և շատ լավ գիտի, որ չի կարող խոշոր բիզնեսին ձեռք տալ: Նա ունի մեկնարկային այլ պայմաններ, հասարակությունը՝ այլ:
-Քաղաքականության մեջ փորձված մարդը չի կարող ասել, որ քաղաքականության մեջ խելք պետք չէ: Ընդհանրապես՝ ո՞րն է նրա կառավարության քաղաքականությունը, մարդը գիծ չունի, ի՞նչն ենք քննարկում: Պատճառահետևանքային կապի հետևանքնե՞րը: Անհեթեթություն է: Ոչ թե ծրագիր, այլ՝ գիծ, երբ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը գիծ կունենա, կարող ենք քննարկել: Երկրի տնտեսությունը՝ բազիսը, բարեփոխելու մեջ դու բախվելու ես վերնաշենքին, իսկ դրա համար պիտի գիծ ունենաս: Ցավոք, բարդանալու է նաև օրվա հարցերը լուծելը:
-Փող չկա՞:
-Փող չի էլ լինելու: Կարո՞ղ են այդ մարդիկ այս հնարավորություններով բարեփոխման գիծ մշակել: Ոչ, չեն կարող: ա) Որովհետև պետք են այլ գիտելիքներ: բ) Պետք է հոգեկերտվածք ունենան: Այսօր Հայաստանն ունի օլիգարխ նախագահ, օլիգարխ կառավարություն, օլիգարխ ընդդիմություն: Պլատոնն ու Արիստոտելը ժամանակին ասել են, որ դա կառավարման ամենավատթար ձևն է: Դեգրադացվող: Եթե դեգրադացվող չլիներ, ֆինանսների նախկին նախարարի կինը քսան միլիոն դրամ հղիության նպաստ չէր ստանա: Չկա ու չի լինելու գիծ, պսևդոպայքարները կարող են շարունակվել, լուրջ մարդիկ այս ամենից չեն սրտնեղում, ընդդիմության ընդդիմություն չեն, ամեն ինչ շարժվում է ի սկզբանե հայտնի շրջանակում: Բայց Հայաստանը ոչ Վրաստան է, ոչ ՈՒկրաինա է, առավել ևս երկուսի փորձն էլ այդքան լավը չէ, և Հայաստանում անհնար է կիրառել այդ մեխանիզմները:
-Ի՞նչ ենք անելու այդ դեպքում:
-Չեմ կարծում, որ համակարգերը այդքան երկար դիմադրեն, բոլոր տեղերում էլ սպասվում են տարաբնույթ հեղափոխություններ՝ սոցիալական բունտեր, հասարակարգի տնտեսական հենքը փոխող հեղափոխություններ: Համակարգը կորցնում է ոչ միայն ֆինանսական, տնտեսական, քաղաքական հզորությունը, այլև էներգետիկան, որ իրենց աշխարհում պահում էր: Մարդիկ են զոհվում:
-Ինքնապաշտպանության համար համակարգը կարո՞ղ է հեղաշրջման գնալ:
-Իհարկե: Համակարգերը կփորձեն իրենցից հետո թողնել յուրայիններին: Հնարավո՞ր է: Այո: Կենսունա՞կ է: Ոչ:
-Ժամանակ են շահում:
-Այդ ժամանակն արդեն չկա: Հայաստանի և ԱՊՀ մյուս երկրների տնտեսության խնդիրն է ստիպում քայլեր ձեռնարկել քաղաքական համակարգերին, այդ թվում՝ փոխատեղումներ անել: Տնտեսությունն այլևս չի ձգում: Փոխարենը ի՞նչ պիտի կառուցվի: Հայաստանի համար՝ միայն Հայաստանով բարդ է վիճակը փոխել: Լուրջ փոփոխություններ են պետք, մանր ու միջին բիզնեսի կամ մաքսազերծման օրենքների փոփոխությունը կարևոր է, բայց տնտեսական կացութաձևի փոփոխություն չէ և չի լուծում բյուջեի մուտքերի խնդիրը: Հարցի լուծումը հանգեցնում է ճանապարհների խնդրին, աշխարհաքաղաքական գործընկերների խնդիրներին։
-Ո՞րն է լինելու Ռուսաստանի դերը համակարգային փոփոխության գործընթացում:
-Այսօրվա Ռուսաստանը իր համակարգից դուրս որևէ այլ համակարգ չի կարող հանդուրժել, աշխարհաքաղաքական դիրքերը չզիջելու այլ ձևը միայն նոր համակարգի ձևավորումն է, այդ համակարգում փոխատեղումները: Ցավոք, շատ հաճախ այդ ամենը չի համընկնում հասարակության ու պետության շահերի հետ: Բոլոր երկրներն ունեն կարևորագույն կետ՝ իրենց օլիգարխներին ենթարկված տնտեսություն: Օլիգարխները պարտադիր չէ, որ հարուստ անհատներ լինեն, ամենամեծ օլիգարխներն այսօր պետական պաշտոնյաներն են, որ պետական ռեսուրսները միացրել են ֆինանսականին: Նրանք թելադրում են հասարակության ընթացքը, օրենքները, շարժման ձևերը: Կա համակարգ, որը ներկայացված է Մոսկվայում, Աստանայում, Մինսկում, ՈՒկրաինայում, Վրաստանում, Ադրբեջանում: Եթե նկատում եք՝ Ռուսաստանում Պուտինը փորձում է յուրօրինակ ձևով թոթափել արտասահմանյան տնտեսական լուծը, վճարումներ արվեցին փարիզյան և լոնդոնյան խմբերին, արտաքին պարտքը կամաց-կամաց թոթափեցին, հիմա նա նույնիսկ իր ընկեր օլիգարխներին է դաշտից դուրս բերում: Մտածվա՞ծ է, թե՞ սխալ քաղաքական որոշումների հետևանք: Փաստ է, որ օֆշորներից փողերը պիտի հետ բերվեն:
-Կարծում եք՝ կբերվե՞ն:
-1918-ին, երբ Յուդենիչը հարձակվում էր Պետրոգրադի վրա, Լենինի և քաղբյուրոյի որոշումով ցարական Ռուսաստանի ոսկին երկրից դուրս բերվեց և շվեյցարական բանկերում դրվեց կուսակցական գործիչների անուններով: Հասկանալով, որ պատերազմն անխուսափելի է՝ Ստալինը նրանց առաջարկեց վերադարձնել ոսկին, որովհետև պետք է երկրի ինդուստրացում սկսեր, շատերը հրաժարվեցին, և մեծ մասը գնդակահարվեց: Ես չեմ կարծում, որ 21-րդ դարում դա ելք է, բայց Ձեր հարցի պատասխանն է՝ քաղաքական անալոգիա, որ ապացուցված է արխիվներով:
-Ձեր կարծիքով՝ Վրաստանում և՞ս համակարգ է փլուզվում:
-Վրաստանում մենք քաղում ենք այն պնդման պտուղները, որ ոչ գաղափարական հողի վրա հնարավոր է երկիր կառուցել: Եվ ՈՒկրաինայում, և Վրաստանում օլիգարխները վերցրին իշխանությունը: Պյոտր Պորոշենկոն ընտրություններում հաղթեց, ու մի քանի ամիս հետո խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցությունը պարտվեց, այսինքն՝ ուկրաինական հասարակությունն ասաց՝ քեզ ընտրեցինք, բայց չի նշանակում, որ մենք մանկուրտ ենք: Ո՞վ հաղթեց խորհրդարանական ընտրություններում: Ազգային ճակատը: Ապահովվեց տարբեր աշխարհաքաղաքական բևեռների հավասարակշռությունը, բայց մյուս կողմից՝ նրանք համարվում են պատերազմի կուսակցություն՝ Յացենյուկն ու Տուրչինովը դեմ էին Լուգանսկի ու Դոնբասի հատուկ կարգավիճակին: Երրորդ տեղում էլ Լվովի քաղաքապետի կուսակցությունն է՝ Արևմտյան ՈՒկրաինայի ամենամեծ հատվածը: Այսինքն՝ կամաց-կամաց ի հայտ է գալիս գաղափարական ինչ-որ գիծ: Վրաստանում հաղթեց Իվանիշվիլին, նշանակեց մարդկանց ու հեռացավ, բայց բոլորն էլ հասկանում են, որ կառավարման վրա մեծ ազդեցություն ունի: Ի՞նչ է կատարվում այսօր Վրաստանում: Ոչգաղափարական թիմի մեջ սկսվել է պատերազմ: Այն, ինչ մեզ սպասում է ապագայում: Եթե գալիս է ոչգաղափարական թիմ, մարդիկ, ում հետաքրքրում են կարմիր գծերն ու տուգանքները, և երկրորդը՝ եթե Սերժ Սարգսյանին հաջողվում է սահմանադրական բարեփոխումներ կատարել և ունենալ այն համակարգը, որ հիմա կա Վրաստանում: Կյանքում դա նշանակում է, որ նախագահն ու վարչապետը ամեն օր բախվում են իրար: Վրաստանում փլվեց իշխող կոալիցիան: Կա՞ արտաքին քաղաքական գործոն՝ Ռուսաստանի մատը: Ոչ, կա արտաքին քաղաքական ռեալություն, ոչ թե Ռուսաստանը մարդիկ է ուղարկում, որ իշխանություն փլուզեն, այլ կա ռեալ ընտրություն: Ռուսաստանը պատրաստվում է Աբխազիան և Օսիան ինտեգրել ՌԴ կազմում, ինչպես Ղրիմը, մնում է երկու ճանապարհ՝ կամ Վրաստանը շարունակում է եվրաինտեգրման գիծը և բախվում այդ խնդիրների հետ, կամ՝ հետ է քաշում և փորձում է այդ խնդիրները լուծել: Ռուսաստանի այսօրվա կացությունը թույլ է տալիս ենթադրել, որ իր նկատմամբ կատարվող քաղաքական, աշխարհաքաղաքական, տնտեսական նկրտումներին փորձելու է տալ ռազմական պատասխան, որովհետև այլ պատասխան չունի:
Հարցազրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ